ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA

   Յոգայի ուսմունքի հիմնական դրույթներն առաջին անգամ համակարգել է իմաստուն  Պատանջալին  իր   <<Յոգասուտրա>>  գրքում, որը բաղկացած է  196 աֆորիզմներից: Դրանցում  դասակարգվում են յոգայի տարբեր սկզբունքներն ու պրակտիկաները` ներկայացնելով դրանք  հակիրճ, հասկանալի  տեսքով: Այդ աֆորիզմները կամ սուտրաները  վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին` սկսած վարքագծի կանոններից  մինչև մարդու կողմից իր  սեփական  “ես”- ի ընկալումը: Պատանջալին ցույց է տալիս, թե ինչպես  կարող ենք յոգայի միջոցով փոխել մեզ, վերահսկել մեր հույզերն ու գիտակցությունը, հոգևոր պայծառացման ճանապարհին հաղթահարել խոչընդոտները  և հասնել յոգայի նպատակին: Ըստ Պատանջալիի`  յոգան բաղկացած է ութ աստիճաններից: Դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ բնույթ է կրում, բայց բոլորը միասին հանդիսանում են մեկ ամբողջության բաղկացուցիչ տարրեր: Այդ ութ աստիճանները միավորվելով   ձևավորում են իսկական յոգա: Յոգայի ութ աստիճաններն են՝

1. ՅԱՄԱ (սոցիալական կարգապահություն)

Յաման օգնում է  կարգավորել   մեր փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Այն համարվում է հոգեկան էներգիայի հետ աշխատանքի անվտանգության երաշխիքը: Իզուր չէ, որ այս աստիճանը գտնվում է յոգայի հիմքում, որովհետև առանց դրա յուրացման, յոգան կվերածվի կամ սովորական մարմնամարզության կամ մեծ վնաս կհասցնի կիրառողի հոգեկան առողջությանը: Յոգայի յամա աստիճանն իր մեջ ներառում է  հետևյալ հինգ հիմնական սկզբունքները կամ օրենքները`

  •  բռնության արգելում (ahimsa).
  •  ճշմարտության և  ազնվության սկզբունք (satya).
  •  գողության արգելում (astya).
  •  զսպվածության, սեռական չափավորության սկզբունք (brahma charya).
  •  ցանկություններից ազատ լինելու և պարգևներ չընդհունելու սկզբունք  (aparigraha): 

Յաման բարոյական վարքի կոդեքսն է, որին անհրաժեշտ է հետևել առօրյա կյանքում, որպեսզի հասարակությունում հաստատվեն ներդաշնակութունն ու փոխըմբռնումը: Յաման ունի նաև վեց լրացուցիչ սկզբունքներ, որոնք են հադիսանում կարեկցման, անվտանգության, անչարակամության, ընկերասիրության, միակության և հիացմունքի սկզբունքները:
2. ՆԻՅԱՄԱ  (անձնական կարգապահություն)
Նիյամայի յուրացմամբ  գիտակցությունն ազատվում է ոչ ճիշտ դրություններից. դառնում առավել դատարկ, և թերությունների փոխարեն գալիս են այսպես կոչված “Նիյամայի” բարեգործները: Դրանք մարդկային որակներն են, որոնք հարկավոր է զարգացնել: Նիյաման ուղի է, որն իր մեջ ներառում է հետևյալ հինգ սկզբունքները`

  •  մաքրասիրություն, մաքրության պահպանում (saycha).
  •  բավարարվածություն (santosha).
  •  ինքնասահմանափակում, ճգնավորություն (tapasya).
  •  ինքնաճանաչում, ինքնաուսուցում (svadhja).
  •  խոնարհումը և հավատարմությունը աստծուն (ishvara pranidhana):    

Եթե յամաները կապված են ընդհանուր բարոյականության հետ, ապա նիյամաները իրենցից ներկայացնում են մարդու ֆիզիկական և հոգեբանական կարգապահություն պահանջող վարքագծի կանոններ:
3. ԱՍԱՆԱՆԵՐ  (դիրքեր)
Ասանան  մարմնի ստատիկ դրությունն է: Ասանաները համարվում են  յոգայի մարմնամարզության ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Ըստ Պատանջալիի, դիրքերը նպաստում են մարմնի կայունությանը և մտքի հավասարակշռությանը, այն հարմար է և հաճելի: Ասանաների կատարումը զարգացնում է ճկունությունը, վերադարձնում է մեր մարմնի կենսական ուժերն ու առողջությունը, ակտիվացնում է ներքին օրգանների (սրտի, թոքերի, երիկամների, փայծախի, ենթաստամոքսային գեղձի և այլն) աշխատանքը: Ասանաների հիմնական նշանակությունը կայանում է մարմնի և մտքի միջև կապի հաստատման մեջ: Դրանց ներդաշնակությունը  թույլ է տալիս շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգևոր կատարելության: Գոյություն ունեն  84000  տեսակի ասանաներ, սակայն մեկ տասնյակ ասանաները բավարար են ցանկալի արդյունքի հասնելու համար :
4. ՊՐԱՆԱՅԱՄԱ
Ըստ յոգայի ուսմունքի, պրանան տիեզերական կենսական էներգիա է, կենսական տարր, որը գոյություն ունի  նաև մեր օրգանիզմում : Այն գտնվում է արևի ճառագայթների, ջրի, սնունդի և օդի մեջ: Պրանայի ավելցուկը կուտակվում է արևհյուսակում,  որը, ըստ յոգերի, մեր մարմնի համար էներգիայի մարտկոցի դեր է կատարում: Պրանան ղեկավարելը կոչվում է պրանայամա: Պրանայաման շնչառական վարժությունների համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական և բացասական էներգիաները: Պրանայով հագեցված օդը տալիս է կենսական ուժ, իսկ խորը շնչառությունները  կամրջակ են բնության և մարդու միջև: Օդը, որը հագեցած է պրանայով,  ավելի ուժգնորեն է ներգործում մեր հյուսվածքների ու  բջիջների վրա և  երիտասարդացնում ողջ օրգանիզմը: Պրանայամաները օգնում են մարդկանց  հաղթահարելու իրենց հոգևոր և ֆիզիկական  թերությունները, և ակտիվացնել չակրաները (էներգետիկ կենտրոնները):

5. ՊՐԱՏԻԱՀԱՐԱ (ինքնամփոփություն և զգացմունքների վերահսկողություն)

Զգացմունքների   հեռացումը  ցանկություններից, իղձերից և առարկաներից հանդիսանում է կապող օղակ  յոգայի առաջին չորս և վերջին երեք աստիճանների միջև: Ունիվերսալ և անձնական էթիկայի կանոններին  (յամա, նիյամա)  հետևելու և ասանաներն ու պրանայամաները կատարելու միջոցով մարդը կարող է իր զգացմունքներն ուղղել դեպի ներս և հասնել լիակատար հանգստության :

6. ԴՀԱՐԱՆԱ (կենտրոնացում)

Ասանաների միջոցով մարմինը, պրանայամաների միջոցով միտքը կատարելագործելուց և պրատիահարայի միջոցով զգացմունքները դեպի ներս ուղղելուց հետո հասնում ենք վեցերորդ աստիճանին` դհարանային: Այս փուլում ուղեղը գտնվում է լիակատար կենտրոնացման վիճակում, այն կենտրոնացված է մի մտքի կամ մի  խնդրի վրա: Որքան ավելի երկար է բանականությունը մնում այդ վիճակում, այնքան ավելի ուժեղ է դառնում այն:

7. ԴՀԻՅԱՆԱ (մեդիտացիա)

Յոգայով զբաղվող մարդը, որը ձեռք է բերել երկար ժամանակ դհարանա փուլի վրա կենտրոնանալու կարողությունը, անցնում է դհիյանայի աստիճանին: Խորը կենտրոնացման և անընդհատ մեդիտացիայի այդ փուլում ուղեղը, մարմինը և շնչառությունը միավորվում են և դառնում միասնական ամբողջություն:

8. ՍԱՄԱԴՀԻ (ինքնաիրականացում)

Այն յոգայի յուրացման գագաթնակետն է, հանգստության և ամբողջականության իրական զգացումը: Գիտակցության այն վիճակն է, որը կազմում է յոգայի էությունը, երբ մարդ  մարմնի և հոգու կատարելագործման արդյունքում  բարձրանում է իր զգացումներից վեր: Սամադհիի ժամանակ մարմինն ու հույզերը հանգիստ վիճակում են, դրանք ասես ննջում են, իսկ  ուղեղն ու բանականությունը միշտ արթուն են և ակտիվ, սակայն շրջապատող աշխարհը գիտակցության սահմաներից դուրս է:
Առաջին հինգ աստիճանները (յամա, նիյամա, ասանա, պրանայամա, պրատիահարա) հայտնի են որպես յոգայի վարքագիծ: Դրանք պատրաստում են մարմինը, մաքրում են բանականությունը ու զգացմունքները, որպեսզի մարդ կարողանա անցնել հաջորդ երեք աստիճաններին  (դհարանա , դհիյանա , սամադհի), որոնք այլ կերպ կոչվում են յոգայի գիտելիքներ :
Պատանջալին ասում է. “Յոգայի ութ աստիճանների ուսումնասիրությունը հանգեցնում է մարմնի բանականության և մտքի մաքրմանը, գիտելիքների կրակը շարունակում է վառվել, և արթնանում է խորաթափանցությունը”: Ժամանակակից կյանքի պահանջները  կարող են հանգեցնել սթրեսի, որն էլ  իր հերթին հանգեցնում է տագնապների, դեպրեսիաների և այլ հիվանդությունների:
Կատարյալ առողջությունը մարմնի, մտքի և հոգու  ներդաշնակությունն է :
Հաճելի է գիտակցել, որ յոգան մեզ տալիս է այս պարգևները, որոնք  օգնում են  վերականգնել մեր մարմնի,  մտքի և հոգու ներդաշնակությունը և ապրել հաճելի,  երջանիկ կյանքով: